ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը և Օմբուդսմանը հրապարակել են իրենց զեկույցները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս հրապարակել են իրենց զեկույցները 2012 թ. մայիսին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ այդ զեկույցներից:
Հատվածներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցից
«Ընտրական քարոզարշավը մրցունակ, աշխույժ և հիմնականում խաղաղ էր բռնության որոշ առանձին դեպքերով: Ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք միտված էին քարոզարշավի վայրերի և պլակատների համար հատկացվող տարածքի հարցում բոլոր թեկնածուների հավասար իրավունքներն ապահովելուն, հիմնականում հարգվել են: Միաժամանակ քարոզարշավը նշանավորվել է ընտրական գործընթացում հանրության և շահագրգիռ շատ կողմերի վստահության ցածր մակարդակով, ինչպես նաև ընտրական խախտումների, հատկապես քվեների գնման մասին հայտարարությունների դեպքերով»:«Իրավական դաշտը անհարկի սահմանափակում է ընտրություններին առնչվող դիմումներ և բողոքներ ներկայացնելու իրավունքը: Այս և այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները և դատարանները քննել են ընտրական վեճերը, հաճախ թողել են շահագրգիռ անձանց առանց իրենց բողոքների արդյունավետ քննության... Ընտրական հանձնաժողովները և դատարանները բողոքները քննելիս ընդհանուր առմամբ ցուցաբերել են չափազանց ձևական մոտեցում` հաճախ մերժելով բողոքները տեխնիկական պատճառներով կամ առանց քննելու գործի բուն էությունը կամ համապատասխան ապացույցները»:
Հատվածներ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից
«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ զանգվածային բնույթ էին կրում լցոնումները, ձայների հաշվարկի ընթացքում կեղծումները, բռնությունները, բազմակի քվեարկությունները, այս ընտրությունները էականորեն և դրականորեն տարբերվեցին: Բոլոր արձանագրված խախտումներից ամենամտահոգիչը եղել է ընտրակաշառքի բաժանման երևույթը: Հանրության որոշ մասի համոզմամբ ընտրակաշառքի դեպքերը եղել են զանգվածային: Չնայած նման համոզմանը, այդ մասին փաստող ապացույցները և հիմնավոր վկայությունները բացակայում են: Ընտրակաշառքների վերաբերյալ արձանագրված շուրջ հարյուր ահազանգերի ծանրակշիռ մասը իրավապահ մարմինների կողմից ճանաչվել է անարժանահավատ: Ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը կրում են հենց իրավապահ մարմինները, այնինչ վերը թվարկված գրեթե բոլոր դեպքերով ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են և չափազանց անբավարար: Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունը այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ»:
Published on Thursday 28 June 2012

